2014-ի մայիսի 26-ին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) և ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև համագործակցության նոր փուլ սկսվեց. ՃՇՀԱՀ-ի 3-րդ հարկում ՖՀԳ-ի ֆինանսական աջակցությամբ բացվեց ակադեմիական նվաճումների կենտրոն` հագեցված նորագույն սարքավորումներով:
«Շնորհակալ եմ ձեր ջերմ ընդունելության համար և շնորհավորում եմ բոլորիս այս կենտրոնի բացման կապակցությամբ: Դա ՖՀԳ-ի համար ոչ միայն հաճելի է, այլև պարտավորեցնող: Մենք պատրաստ ենք օգնելու այն համալսարաններին, որոնք կարևորում են բազմալեզու ուսուցումը, և այդ առումով ՃՇՀԱՀ-ի որդեգրած քաղաքականությունը շատ ողջունելի է: Եթե ցանկանաք` մենք միշտ կլինենք ձեր կողքին, աջակցելով դասավանդման որակը և կառավարումը էլ ավելի բարձրացնելու գործում: Եվ այդ համագործակցությունը կլինի շարունակական»,- ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման իր խոսքում ասաց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դումիտրու Տոպանը:
Ակադեմիական նվաճումների կենտրոնի ստեղծման նպատակն է համալսարանական տարբեր հասարակություններին որակյալ ծառայություն մատուցել` ուղղված ՖՀԳ-ի անդամ հաստատություններում ֆրանսերենի և ֆրանսերեն ուսուցման ամրապնդմանը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են տրամադրել դասախոսներին և ուսանողներին մանկավարժական ռեսուրսներ, նպաստել ուսուցման նորարարական մեթոդների կիրառմանը` հաջորդելով անհատական և ինքնուսուցման աշխատանքները, ամրապնդել ակադեմիական և մասնագիտական հմտությունները` դասախոսների վերապատրաստումների կազմակերպման եղանակով և այլն:
«Լեզուների իմացությունն ընդլայնում է մարդու մտահորիզոնը: Շփումների և համագործակցության ընդլայման գործընթացում այն կարևոր նշանակություն ունի: Մեր համալսարանն առանձնակի ուշադրություն է դարձնում այս հարցին, և պատահական չէ, որ 2011-ից ընդգրկվել ենք ֆրանկոֆոն ընտանիքի մեջ: Դասախոսների և ուսանողների ֆրանսերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվել և տարվում է: Պատահական չէ, որ ֆրանսերենի դասավանդման զարգացման գործընթացը սկսել ենք Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցից: Համոզված ենք, որ լեզուն պետք է սիրել և սովորել դպրոցական հասակից: Ֆրանկոֆոն երկրների հետ մեր համագործակցության արդյունքն է նաև այսօր բացված ակադեմիական նվաճումների կենտրոնը»,- ողջունելով ներկաներին` ասաց ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Գագիկ Գալստյանը, շնորհակալություն հայտնելով ՖՀԳ-ին համագործակցության համար, հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Ակադեմիական նվաճումների կենտրոնի բացումը լուրջ իրադարձություն է, որին ներկա էին Հայաստանում Բրազիլիայի դեսպան Եդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, Հայսատանում Ֆրանսիայի դեսպանատան լեզվի և հումանիտար հարցերով կցորդ Ֆաբիեն Նեռան, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչ Յանի Ժավեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան, արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, ԿԳՆ-ի միջազգային կապերի ստորաբաժանման ղեկավար Անգելինա Հովհաննիսյանը: Ներկաները իրենց ելույթում ընդգծեցին, որ ՃՇՀԱՀ-ն, չլինելով լեզվաբանական բուհ, լուրջ ուշադրություն է դարձնում լեզուների զարգացմանը:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար